22.10.2021

Հայաստանի միջազգային կարգավիճակի հավակնությունները․ 2008-2020 թթ.

Կատարված հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եղել է միջազգային այնպիսի կարգավիճակ նվաճելու խնդիր, որի շնորհիվ Հայաստանը դրականորեն կառանձնանար մյուս պետություններից և իր ուրույն տեղը կունենար միջազգային հարաբերությունների համակարգում: Հայաստանը դրան փորձել է հասնել միանգամից մի քանի ազգային դեր ստանձնելով, որոնք հեղինակները բաժանել են երեք խմբի՝ հաստատուն, փոխակերպված և նորահայտ:

[Translate to Armenian:] Photo by Sanasar Tovmasyan on Unisplash

Ուսումնասիրված ժամանակահատվածում (ինչպես և առհասարակ անկախության հռչակումից սկսած) անփոփոխ է մնացել «հավատարիմ դաշնակցի» դերը: Թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, թե՛ 2018 թ. իշխանափոխությունից հետո (չնայած մի շարք հարցերի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած տարաձայնություններին) Հայաստանը ձգտել է ցույց տալ Ռուսաստանի գործընկերների ու դաշնակիցների թվում իր առանձնահատուկ լինելը: Ավելին՝ տարիների ընթացքում նկատվել է այդ դերի խորացման միտում:

«Կամրջի» դերը հետազոտության հեղինակները դասել են դերերի երկրորդ խմբին, քանզի ավելի քան 10 տարվա ընթացքում այն քանիցս ենթարկվել է շոշափելի փոփոխությունների: Եթե Սարգսյանի նախագահության առաջին շրջանում Հայաստանը սեփական օրինակով ցանկանում էր ցույց տալ Արևմուտքի և Ռուսաստանի ու նրանց ղեկավարած անվտանգային համակարգերի շահերի համադրման և համագործակցության հնարավոր լինելը, ապա նրա նախագահության երկրորդ շրջանում «կամրջելու» աշխարհագրությունն էականորեն ընդլայնվեց: Նշված դերակատարների միջև այդ դերի անվտանգային բաղադրիչին ավելացավ տնտեսականը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև «կամրջի» տեսքով: Բացի այդ՝ Հայաստանը սկսեց ինքնադիրքավորվել որպես կապող օղակ Եվրոպայի և Պարսից ծոցի, վերջինիս և ԵԱՏՄ-ի երկրների միջև: 2018 թ. իշխանափոխությունից հետո «կամրջի» դերը կրկին փոխակերպվեց. Փաշինյանի վարչակազմը այդ դերն սկսեց իրագործել «հավաքագրող գործակալի», տվյալ դեպքում՝ ԵԱՏՄ-ի և նրա հետ համագործակցությամբ հետաքրքրված պետությունների միջև միջնորդ-բանակցողի գործառույթներ ստանձնելու միջոցով: Ընդ որում՝ այս շրջանում տեղի ունեցավ «հավատարիմ դաշնակցի» և «կամրջի» դերերի միաձուլում, քանզի վերջինիս ուղղությամբ տարվող քաղաքականությունը լիովին ծառայում էր նաև առաջինի իրագործմանը:

«Հավատքի պաշտպանի» դերը հետազոտողները դասում են դերերի երրորդ խմբին, քանզի այն համեմատաբար նոր է սկսել հայեցակարգայնացվել: Որպես այս դերի բաղկացուցիչ մասեր՝ ուսումնասիրել ենք համայն հայության շահերի և իրավունքների պաշտպանի ու ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակրի ենթադերերը, որոնց հիմքում ընկած են գաղափարներ, որոնք պաշտպանելու հանձնառություն Հայաստանը որոշեց ստանձնել միջազգային ասպարեզում՝ ելնելով իր պատմական ժառանգության առանձնահատկություններից:

ՖԵՀ փոքր դրամաշնորհների աջակցությման Նաեկ Գալստյանը, Էրիկ Դավթյանը և Էդուարդ Աբրահամյանը հետազոտել են Հայաստանի միջազգային կարգավիճակը 2008-2020 թթ․ որի արդյունքները արտացոլվել են համանուն հրատարակության մեջ։


Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հարավային Կովկաս

Վրաստան
Ն. Ռամիշվիլիի փող. նրբանցք 1, #1, բնակարան. 7
0179 Թբիլիսի, Վրաստան
+995 32 225 07 28
georgia(at)fes.de

Հայաստան
Մոսկովյան փող. 31, 76/1
0002 Երևան, Հայաստան
+374 10 53 69 13
+374 10 53 26 97
armenia(at)fes.de